Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ինչպե՞ս կարող է Թուրքիան պաշտպանվել ԱՄՆ պատժամիջոցներից

Ինչպե՞ս կարող է Թուրքիան պաշտպանվել ԱՄՆ պատժամիջոցներից
14.03.2018 | 12:31

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն գերմանական Die Zeit-ին տված հարցազրույցում, մեկնաբանելով ԱՄՆ Կոնգրեսում Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու հարցի քննարկումը, ասել է, որ Անկարան կպատասխանի, բայց այլ կերպ, քան Ռուսաստանն ու այլ երկրները: «Մեզ ասում են` գազ մի գնեք այս ու այն երկրից: Այդպես չի լինի»: Բայց խնդիրը գազը չէ, ավելի ճիշտ` միայն գազը չէ: Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի գլխավոր հրամանատար, գեներալ Կյորտիս Սկապարոտին ասել էր, որ «ԱՄՆ-ը հույս ունի, որ Թուրքիան կհրաժարվի ռուսական զենիթահրթիռային С-400 համակարգերը գնելուց», և զգուշացրել էր Անկարային այդ քայլի հետևանքներից: Նույն միտքն էր արտահայտել ՆԱՏՕ-ի Ռազմական հանձնաժողովի նախագահ Պետր Պավելը` «С-400-ներն անհամատեղելի են ալյանսի տեխնոլոգիաների հետ, այդ պատճառով ռուսական զենիթահրթիռային համակարգերը կկիրառվեն իբրև առանձին միավոր` չինտեգրվելով ՀՕՊ-ի ընդհանուր համակարգում»: Եվ ստացավ Թուրքիայի նախագահի կոշտ պատասխանը. «Դուք ոչինչ չասացիք Հունաստանին (Ռուսաստանից С-300 համակարգեր գնելու վերաբերյալ), բայց ասում եք, որ թույլ չեք տա Թուրքիային С-400-ներ գնել, Ռուսաստանի հետ համաձայնագիրն անվանում եք սխալ: Դուք ասում եք, որ կարող եք պատժամիջոցներ սահմանել: Մենք չենք պատրաստվում ձեզ հաշիվ տալ: Մենք առանց որևէ զիջումի կգնանք ճիշտ ճանապարհով սեփական նպատակներին հասնելու համար»: ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ի մյուս անդամները մեղադրում են Մոսկվային, որ «ձգտում է խարխլել միասնությունը Արևմուտքում ու կործանել տրանսատլանտյան կապերը»: Սակայն սա այն դեպքն է, երբ տանգո երկուսով են պարում և պարտիան Թուրքիան է վարում: Խնդիրը միայն ռուսական հրթիռները չեն: Անկարայի ու Վաշինգտոնի առավել սուր տարաձայնություններն ի հայտ եկան հունվարի 20-ից հետո, երբ Թուրքիան սկսեց «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությունը Սիրիայի հյուսիս-արևմուտքի Աֆրին շրջանում քրդական Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների (YPG) դեմ: Հիմա ԱՄՆ-ի ու Թուրքայի զորքերը կարող են միմյանց վրա կրակել` ստանալու համար Մանբիջի վրա վերահսկողությունը, չնայած փետրվարին ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի ու Թուրքիայի իշխանությունների բանակցություններին: Իրավիճակը շատ ավելի բարդ է: Անկարայի համար նշված եռանկյանը` ռուսական գազ, ռուսական հրթիռներ ու քրդեր-ամերիկացիներ, թուրք քաղաքագետ Էնգին Օզերի կարծիքով` կարող են ավելացնել ևս մի քանի ցավոտ հարվածներ:

Կահիրեն կոչ արեց Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառել Կատարին աջակցելու համար: Սաուդյան Արաբիան Իրանի հետ Թուրքիան անվանեց «չարի առանցք»: Օզերի գնահատականով` այդ հարթակներում ԱՄՆ-ը ցանկացած պահի կարող է Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սկսել: Եգիպտոսն արդեն «հասարակական բոյկոտ» է հայտարարել թուրքական ապրանքներին` ի նշան բողոքի, որ «Անկարան աջակցում է «Մուսուլման եղբայրներին» և Սինայի թերակղզում ու հարևան Լիբիայում գործող ջիհադիստներին»: Նույնը կարող է անել Սաուդյան Արաբիան: Թուրք փորձագետների կարծիքով` Վաշինգտոնը հիմա հազիվ թե Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանի, թեպետ արդեն սահմանափակումներ է մտցրել ռազմատեխնիկական համագործակցության մեջ:

Հավանաբար` հետագայում էլ ԱՄՆ-ը կդիմի կողմնակի ճնշման, ֆինանսական համակարգին հարվածներ հասցնելու միջոցներին: Իսկ ռուսական պաշտպանական ձեռնարկությունները պատժամիջոցների ցանկում ներառելով` կխանգարի ռուսական զենքի գնումներին: Yeni Safak-ը գրում է. «Հենց այս կետն է հիմա ակտիվորեն քննարկվում ԱՄՆ պետդեպարտամենտում»: Նպատակն է ստիպել Անկարային վերանայել Ռուսաստանից С-400-ներ գնելու որոշումը: Ի վիճակի՞ է Թուրքիան պատասխանել ԱՄՆ-ի պատժամիջոցային քաղաքականությանը և ինչպե՞ս հասկանալ Չավուշօղլուի խոսքերը, որ այլ կերպ կարձագանքեն, քան Ռուսաստանն ու մյուս երկրները: Թուրքական Odatv.com-ը շարադրել է պատասխան գործողությունների հնարավոր ծրագիրը` ԱՄՆ-ի համար փակել ՆԱՏՕ-ի Ինջիրլիք ռազմաբազան և ԱՄՆ մյուս ռազմաբազաները իր տարածքում, պահանջել ԱՄՆ-ի միջուկային զենքի դուրսբերում, փակել ԱՄՆ հյուպատոսությունն Ադանայում: Այդ քայլերը կնշանակեն. 1. Վաշինգտոնը կզրկվի ռազմատեխնիկական աջակցություն ցույց տալու հնարավորությունից սիրիացի քրդերին, 2. ամերիկացիների վտարում Թուրքիայից: Պատրա՞ստ է Էրդողանն այդքան վճռական քայլերի: Հազիվ թե, նրա մերձավոր որոշ փորձագետներ հուշում են, որ ԱՄՆ-ի հետ երկխոսության մեջ «պետք է ավելի վճռականորեն խաղարկել ռուսական խաղաքարտը», հայտարարել նույնիսկ ռուսական միջուկային հովանոցի տակ մտնելու հնարավորության մասին: Այսինքն` վերադառնալ Թուրքիայի երկրորդ նախագահ Իսմեթ Ինոնյուի բանաձևին. «Ոչ մի դեպքում մի կործանեք հարաբերությունները Ռուսաստանի հետ և մի ստորագրեք Արևմուտքի հետ դաշնակցության համաձայնագիր»: Պետք չէ մոռանալ, որ երբ Անկարան որոշեց փակել Ինջիրլիք ռազմաբազան ԱՄՆ-ի առաջ, հետևեց գլխավոր շտաբի ղեկավար, գեներալ Քենան Էվրենի 1980-ի հեղաշրջումը: 2016-ի հուլիսի 16-ին Թուրքիայում արդեն եղել է պետական հեղաշրջման փորձ: Ի՞նչ կլինի հետո:
Ստանիսլավ ՏԱՐԱՍՈՎ, REGNUM


Հ.Գ. Թուրքիան երբեք մեկ լարի վրա չի խաղում` թուրքական Shaber 3-ը գրում է, որ Էրդողանը հանձնարարել է ուսումնասիրել իր առավելությունները, եթե արտահերթ ընտրություններ անցկացվեն: Մյուս կուսակցությունների ղեկավարներն էլ ավելի վաղ խոսում էին, որ կառավարությունը մտադիր է արտահերթ ընտրություններ անցկացնել: Թուրքիայի իշխանությունները շեշտը դնում են «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության դրական ընկալման վրա և կարող է դիտարկվել իբրև առավելություն Թուրքիայի ու ԵՄ-ի հարաբերությունների զարգացման շրջանում: Shaber 3-ը նաև հաղորդել է, որ օրակարգ է վերադառնում Թուրքիայի քաղաքացիների համար ԵՄ մուտքի անվիզա ռեժիմի հարցը:

Գերմանական Die Welt-ը հաղորդել է, որ մեկ ամիս առաջ Թուրքիայի ներկայացրած առաջարկը Բրյուսելում դրական արձագանք է ստացել` Անկարան 72-ից 65 պահանջ կատարել է և ներկայացրել է 7 կետի վերաբերյալ իր առաջարկները: Ակնկալվում է, որ մարտի 26-ին Վառնայում ԵՄ ղեկավարների հանդիպման ժամանակ Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը դրական գնահատական կտա Թուրքիային և այս ամռանը կկատարվեն Թուրքիայի օրենսդրության փոփոխություններ: Վիզային ռեժիմը հանելու փոխարեն Բրյուսելն աշնանն ակնկալում է Թուրքիայում ձերբակալված լրագրողների ազատ արձակում ու պետական պաշտոնյաների մի մասի վերադարձն իրենց աշխատանքին: Անկարան մինչև 2019-ի փետրվար սպասում է Եվրախորհրդարանի կանաչ լույսին և հույս ունի, որ քվեարկությունը կկայանա մինչև եվրոպական ընտրություններ: Ահա այսպես` Ռուսաստանին իր քաղաքականության ուղեծրում պահելու համար Անկարան օգտագործում է ՆԱՏՕ-ից դուրս գալու ու ԱՄՆ-ին իր տարածքից դուրս մղելու խոստումը, Վաշինգտոնին իր ուղեծրում է պահում Ռուսաստանի հետ սերտ տնտեսական ու ռազմական համագործակցություն հաստատելու շանտաժով, իսկ այդ ընթացքում Սիրիայում անում է իր ցանկացածը` ոչնչացնելով քրդերին ու մաքրելով Իրաքից Թուրքիա նավթի ու գազի արտահանման ճանապարհը: Ո՞վ է շահում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2778

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ